«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ամբողջ տարվա ընթացքում կենդանաբանական այգում կազմակերպվում են կրթական ծրագրեր‚ տարաբնույթ միջոցառումներ

Ամբողջ տարվա ընթացքում կենդանաբանական այգում կազմակերպվում են կրթական ծրագրեր‚ տարաբնույթ միջոցառումներ
24.12.2019 | 17:21

Երևանի կենդանաբանական այգու պատմությունը սկսվում է 1940 թվականից։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ 3 հեկտար տարածության վրա հիմնվում է Երևանի կենդանաբանական այգին: Շուրջ 80 տարվա պատմություն ունեցող այգին այսօր Երևանի ամենասիրված անկյուններից մեկն է‚ հատկապես երեխաների‚ զբոսաշրջիկների համար։ Թեև ընդունված է ամեն տարի այգու բացումը կատարել մայիսի 1-ին‚ սական կենդանաբանական այգին աշխատում է անգամ ձմռան ամիսներին։ Ամբողջ տարվա ընթացքում այգում կազմակերպվում են կրթական ծրագրեր‚ տարաբնույթ միջոցառումներ։ Այստեղ կա կոնտակտային այգի‚ որտեղ երեխաները կարող են ձեռք տալ կենդանիներին‚ շփվել նրանց հետ‚ կատարվում են ցուցադրական կերակրումներ‚ ինչը շատ գրավում է այցելուներին։ Ներդրված է նաև խնամակալության ինստիտուտը։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են իրենց ներդրումն ունենալ կենդանիների բարեկեցության գործում, կարող են դառնալ կենդանիներից մեկի խնամակալը: Կենդանաբանական այգու ցանկացած կենդանու հնարավոր է խնամակալել:


Կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույծ Աննա Ասատուրյանը նշում է‚ որ ամեն օր‚ ամեն ժամ կենդանիներն ունեն խնամքի կարիք։ Կենդանիների խնամողները բաշխված են ըստ բաժինների‚ յուրաքանչյուրը կենդանիների իր խմբաքանակն ունի։ Ըստ մեր զրուցակցի՝ բոլորը շատ սրտացավ աշխատողներ են և կենդանիների վարքի մի փոքր փոփոխության մասին անգամ շտապ տեղյակ են պահում կենդանաբույժին‚ և անմիջապես արձագանքվում է։ Եթե կենդանին մեկ օր ախորժակով չի կերել‚ անմիջապես մասնագետներն այդ մասին տեղեկանում են։


Աննա Ասատուրյանը նշում է‚ որ կենդանիների հետ աշխատելն իր համար շատ հետաքրքիր է։ Անընդհատ մի նորություն‚ մի նրբերանգ բացահայտվում է. «Կապիկների ընտանիք ունենք‚ որոնց վանդակի մոտ կարող ես ժամերով կանգնել ու հիանալ նրանց վարքով‚ ընտանիքի դրվածքով։ Նրանք սոցիալական կենդանիներ են‚ նրանց մոտ առաջնորդը արուն է‚ և տեսնել է պետք‚ թե ինչպես են ամբողջ ընտանիքով խնամում իրենց ձագերին‚ ինչպես է հայրը պաշտպանում իր ընտանիքը»։
Աննա Ասատուրյանը նկատում է‚ որ կենդանիների հոգեբանությունը շատ հետաքրքիր է դիտարկել։ Նույնիսկ կերակրողի փոփոխությունը կարող է անդրադառնալ կենդանու ախորժակի վրա‚ անգամ սննդի փոփոխությունը կարող է հանգեցնել կենդանու սթրեսի։ Ուստի կենդանիները‚ նրանց վարքը գտնվում են մշտական ուշադրության ներքո։


Կարեն ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5457

Մեկնաբանություններ